10/04/2025

Մովսես Խորենացի

 Մովսես Խորենացին  ոսկեդարի (այդպես ենք անվանում 5-րդ դարը) հինգ պատմիչներից մեկն է, որին «քերթողահայր», «պատմահայր» պատվանուններն են տվել: Խորենացու «Հայոց պատմությունը» հայ պատմագրության գլուխգործոցն է: 

Ինչո՞ւ է այն բացառիկ․

Մովսես Խորենացին առաջինն է, որը գրել է հայոց պատմություն` սկսած հայ ժողովրդի ծննդից մինչև իր ժամանակաշրջանի դեպքերը` 428թ.: Սա նշանակում է, որ դեռևս 5-րդ դարում Խորենացին մեզ տվել է ծննդյան վկայական՝ ցույց տալով, թե որտեղից ենք գալիս ու ովքեր ենք։ 

 

Խորենացին գիտնական պատմիչ էր։ Նա «Հայոց պատմությունը» գրելիս ընտրում, ստուգում, համեմատում էր բոլոր փաստերը այլ սկզբնաղբյուրներով: Նա օգտագործել է 40-ից ավելի աղբյուրներ, դրանց մեծ մասը հիշատակել անուններով (Մար-Աբաս Կատինայի «Պատմությունը», Աստվածաշունչը, Ագաթանգեղոսի երկը և այլն)։ Նաև արտահայտում է իր կարծիքը, դրական կամ մերժողական վերաբերմունքը, կարևորում պատմության ճշմարտացիությունը։

Խորենացին հավաքած նյութը համակարգել ու ներկայացրել է ժամանակագրական կարգով` հստակ գիտակցելով, որ «չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության»:

Խորենացին մոռացումից փրկել ու մեզ է ավանդել հայ հին բանահյուսական հնագույն գոհարները՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ», «Տիգրան և Աժդահակ» և այլն։

Խորենացու «Հայոց պատմության» որոշ դրվագներ գրական-գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում՝ «Ողբը», Ձիրավի ճակատամարտի, Երվանդակերտ քաղաքի նկարագրությունները և այլն։

Եթե մեր մյուս պատմիչները դրական լույսի ներքո են ներկայացրել միայն քրիստոնյա գործիչներին, Խորենացու համար էական չէ ազգային հերոսը քրիստոնյա՞ է, թե՞ հեթանոս, կարևորը պետական մտածողությունն է, երկրի հզորացումը։ Այդ սկզբունքով է ընտրում նա իր երեք ամենասիրելի հերոսներին՝ ՀԱՅԿԻՆ, ԱՐԱՄԻՆ, ՏԻԳՐԱՆԻՆ։

 

«Մովսես Խորենացին բազմագիտակ է .... Նա հին աշխարհի ամենանշանավոր հեղինակներից էր... Նա բարձր է կանգնած իր դարաշրջանի մտածողությունից և հայրենի պատմագիտությունը հսկայական քայլերով առաջ է մղել»: 

Վիկտոր Լանգլուա,  ֆրանսիացի արևելագետ

 

 

 

 

 

Խորենացուն նվիրված բաժնի գրական խորհրդատու՝ բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Եվա Մնացականյան            

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԾԵՐԸ

Խորենացու «Հայոց պատմությունը» մեզ տվել է ինքնաճանաչում, ազգային գիտակցություն։ Դարեր շարունակ այն եղել է հայ ժողովրդի պատմության դասագիրք։ Մեր ժամանակներում այն շարունակում է մնալ որպես հավաստի սկզբնաղբյուր և հայ պատմագրության գլուխգործոցը։

«Հայոց պատմության» պատմական արժեքը

Մովսես Խորենացին առաջինն է, որ գրել է հայոց պատմություն` սկսած հայ ժողովրդի ծննդից մինչև իր ժամանակաշրջանի դեպքերը` 428թ.: Դեռևս 5-րդ դարում Խորենացին մեզ տվել է ծննդյան վկայական և ասել՝ հպարտ կարող ես կանգնել աշխարհի հնագույն ազգերի կողքին և ասել, որ քո նախնիները ծագել են աստվածաշնչյան Նոյ նահապետի որդի Հաբեթից, նախահայրդ Հայկ Նահապետն է և այլն։

Պատմահայրը «Հայոց պատմությունը» գրելիս օգտագործել է 40-ից ավելի աղբյուրներ, դրանց մեծ մասը հիշատակել անուններով (Մար-Աբաս Կատինայի «Պատմությունը», Աստվածաշունչը, Ագաթանգեղոսի երկը, օտարազգի պատմիչների գրքեր և այլն): Խորենացին հավաքած նյութը համակարգել ու ներկայացրել է ժամանակագրական կարգով` հստակ գիտակցելով, որ «չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության»: «Հայոց պատմության» մեջ անդրադարձել է նաև այլ ժողովուրդների պատմության կարևոր դրվագներին՝ դառնալով հավաստի աղբյուր նաև օտարների համար:

Դու կարող ես մտածել, որ դրանք առավելություններ չեն, այլ անհրաժեշտ պայմաններ պատմական նյութն ուսումնասիրելու համար։

Ժամանակակից մարդու համար՝ այո։ Բայց իր ժամանակի համար Խորենացու մոտեցումները վիթխարի առաջընթաց էին։ Համեմատելու համար կարող ես կարդալ այդ շրջանի այլ պատմիչների գործեր, և տարբերությունը ակնհայտ կլինի։

Խորենացին գիտնական պատմիչ էր: Նա ոչ միայն ընտրում, ստուգում, համեմատում, ճշգրտում է բոլոր փաստերը, այլև արտահայտում է իր կարծիքը, դրական կամ մերժողական վերաբերմունքը այս կամ այն պատմության, հերոսի մասին, կարևորում պատմության ճշմարտացիությունը։

Օրինակ՝ Արտաշես թագավորի որդի Արտավազդի անվան շուրջ գոյություն են ունեցել բազմաթիվ զրույցներ, առասպելներ, որոնք երբեմն հակասել են միմյանց: Հետաքրքիր է, որ հիմնական հակադրությունը առկա է հնագույն տարբերակներում՝ Խորենացու և 5-րդ դարի փիլիսոփա Եզնիկ Կողբացու գործերում: Խորենացին գրի է առել Գողթն գավառի երգիչների տարբերակը, ըստ որի՝ «Վիշապազունք մանուկ Արտավազդին գողացան, և նրա տեղ դրին դև»: Երգում էին նաև, որ «վիշապ» Արտավազդն իր չարության պատճառով արժանանում է հոր անեծքին. մի օր, երբ Արտավազդը, ձին հեծած, որսի է գնում դեպի Մասիս, ոգիները նրան բռնում, տանում են մի քարանձավ ու երկաթե շղթաներով կապում: Երկու շուն կրծում են շղթաները, որպեսզի նա ազատվի, սակայն դարբինները կիրակի օրերին ամրացնում են շղթաները:

Խորենացին, գրի առնելով այդ զրույցները, միաժամանակ նշում է, որ դրանք պատմական հիմք չունեն, հորինվածք են և ավելի շատ Գողթան երգիչների երևակայության արդյունք են: Ներկայացնում է իր տարբերակը, որտեղ Արտավազդը մոլորությունների մեջ ապրած սովորական մարդ է։

Խորենացին «Հայոց պատմություն» աշխատությունը գրել է իշխան Սահակ Բագրատունու պատվերով: Խորենացին գովասանքով է խոսում իր մեկենասի (պատվիրատու) մասին և մեղադրում մեր առաջին թագավորներին ու իշխաններին, որոնք չեն հանձնարարել գրի առնել իրենց ժամանակների պատմությունը. «Որովհետև թեպետ մենք փոքր ածու* ենք և շատ սահմանափակ թվով և զորությամբ տկար, շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց և այնպես մեր աշխարհումն էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու և հիշատակելու արժանի, որ նրանցից ոչ ոք հոգ չտարավ գրի առնելու»:

Ածու - 1․ մարգ, 2․ ժողովուրդ

Օգտագործելով «ածու» բառը՝ պատմահայրը մշակված մարգի պատկերը համեմատում է պետության հետ։

 

Խորենացու այս տողերը ասույթի են վերածվել և ներծծված են ազգային արժանապատվության խոր գիտակցությամբ։ Խորենացին կարևորում է սեփական ազգի պատմության իմացությունը, որովհետև հաղթանակներով կամ պարտությամբ լեցուն պատմության էջերը թերթելիս սերունդները կարող էին շատ բան սովորել և չկրկնել իրենց նախնիների կատարած սխալները։

Հիշենք հայ ազգի նախահայր Հայկին՝ իր ազատասիրական ոգով, բռնակալ Բելի նկատմամբ դրսևորած անհանդուրժողականությամբ, ըմբոստ խիզախությամբ։ Արամը, Արան օրինակելի են մեծ հայրենասիրությամբ, Տիգրանը՝ Հայաստանի կորցրած տարածքները հետ գրավելու, բանակը վերազինելու, երկիրը ծաղկեցնելու վճռականությամբ։ Բնութագրելով օրինակ Տիգրանին՝ պատմիչը հստակ նշում է իր նպատակը. «Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիության բարքն ու խոհեմությունը, չի ուրախանա նրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»։

Քննարկում

 Ի՞նչ ես մտածում, երբ սոցցանցերում հանդիպում ես մեզ՝ հայերիս, մյուս ազգերից վեր դասող գրառումների։ 

Ռուբիկ Քոչարյան «Արամ թագավոր»։ Արմավիրում՝ Անահիտի տաճարի դիմաց Արամ արքան թագաժառանգ է հռչակում իր Արա որդուն։

«Հայոց պատմության» գեղարվեստական արժեքը

Խորենացին լայնորեն օգտվել է բանահյուսությունից։ Քեզ ծանոթ շատ առասպելներ՝ «Հայկ և Բել», «Արամ», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ», «Տիգրան և Աժդահակ» և այլ գանձեր գրի առնելով իր աշխատության մեջ՝ Խորենացին փրկում է դրանք կորստից: «Հայոց պատմությունը» պատմիչը շարադրում է աշխույժ և գեղեցիկ լեզվով, պատկերավոր նկարագրություններով, որոնցից է, օրինակ, Երվանդակերտ քաղաքի նկարագրությունը։ Այդ քաղաքը նա համեմատում է չքնաղ կնոջ դեմքի հետ։ Խորենացին գեղարվեստական վարպետությամբ է նկարագրում նաև ռազմի տեսարանները: Տպավորիչ է Ձիրավի ճակատամարտի նկարագրությունը։ Ցնցող երկ է «Հայոց պատմությունը» եզրափակող «ՈՂԲԸ»։ 

 

Ի՞նչ է սովորեցնում Խորենացին: 

Խորենացու հիմնական նպատակը հայ ժողովրդի ծագումը և նրա կատարած փառավոր գործերը բացահայտելն է և սեփական արժանիքները ճանաչելը: Խորենացին չի մոռանում 2-րդ դասը․ պետք է զերծ մնալ ազգային սնապարծությունից, մեծամտությունից, մանավանդ որ մեր ազգը զերծ չէ թերություններից: Նա փափագում է, որ Հայաստանը լինի հզոր պետություն, իսկ հայ ժողովուրդը կայանա իբրև առաքինի ու կիրթ ազգ: 

Комментариев нет:

Отправить комментарий