Մինչ մենք ապացույցներ ենք փնտրում, կյանքը հասցնում է ապացուցել:
Օրինակ, ուզում ես հասկանալ, թե կաշառակերությունն ինչու այդպես էլ վերջ չունի, թե ինչո՞ւ ասենք բուժքույրը դեռ գործը չարած ասում է` «վճարե՛ք բժշկի այսօրվա» աշխատանքի գումարը(տվյալ դեպքում՝ ատամնաբույժին և 5000 դրամ), կամ, թե կրթական ոլորտում ընդունելությունը և աշխատանքի ընդունվելը ինչո՞ւ է վճարովի, այն էլ՝ 1500-4000 դոլար, կյանքն ասում է՝ սպասի՛ր կհասկանաս:
Հաճախ քեզ հանդիպող ունևոր մարդկանց անպիտան լինելու հանգամանքը փորձում ես փնտրել գրքերում, իրական պատմություններ լսելով, կյանքն ասում է, սպասի՛ր, կտեսնես ու կհասկանաս:
Երբ երիտասարդ ես ու արյունդ «եռում» է, նպատակներդ ու գաղափարներդ բազում են, ուղիներդ՝ սակավ, և, «չէ՞ որ ես կարող եմ»-ները օրվա մեջ մի քանի անգամ պտտվում են գլխումդ, կյանքն ասում է լռի՛ր, կտեսնես ու կհասկանաս:
Երբ ուզում ես հասկանալ, թե ինչո՞ւ թույլերն իրենց կողքին ուժեղի տանել չեն կարողանում, կամ, թե ուժեղներն ինչո՞ւ են թույլերի հավաքում շուրջբոլորը, կյանքն ասում է ապրի՛ր, կհասկանաս:
Հաճախ փորձում ես հասկանալ մի քանի տեղ աշխատող ու ամեն տեղի վրա դողացող մարդկանց, կյանքն ասում է՝ համբերի՛ր կհասկանաս:
Երբեմն ուզում ես հասկանալ, թե ինչու է աշխարհում պահանջված օգտակար գործողությոան գործակիցը, կյանքն ասում է կընկնես, վեր կկենաս՝ կհասկանաս:
Լինում են դեմքեր, ովքեր խոսում են վեհ գաղափարների, կրթության, դաստիարակության, հայրենասիրության, մարդկանց անշահախնդիր օգնելու մասին, սակայն մի տեսակ հույս չեն ներշնչում, եթե հաշվի առնենք «չկա անշահախնդիր օգնություն» տարբերակը: Ուզած-չուզած դիմում ես կյանքին, որն էլ հաստատում է քո կասկածները՝ ասելով, որ կամ նման գաղափարներ ունեցողների թևերը վաղուց կտրված են, կամ ճար չունեն, կամ էլ դարձել են նրանցից, ովքեր շրջապատում են քեզ:
Комментариев нет:
Отправить комментарий