2/25/2013

Վատիկանի թանգարանի տնօրենը համոզված է, որ զբոսաշրջիկներն իրեն պատառ-պատառ կանեն

 Վատիկանի թանգարանների համալիրի տնօրեն Անտոնիո Պալոուչչին տուրիստներին զգուշացնում է, որ գաղտնի ժողովի ժամանակ փակ կլինի Սիքստինյան մատուռը: Այժմ արդեն փակ են մի քանի սրահներ, չնայած կարդինալների հավաքի ստույգ ժամանակը հայտնի չէ:

-Ես գիտեմ, որ զբոսաշրջիկներն ինձ կտոր-կտոր կանեն հարցադրումներով ու բողոքներով, քանի որ շատ են ցանկանում այցելել մատուռ,-հայտարարել է Պաոլուչչին, ով եղել է Իտալիայի  մշակույթի նախկին նախարարը:

Ամեն օր մատուռ այցելում է շուրջ 20.000 զբոսաշրջիկ: Տոմսն արժե 16 եվրո: Սիքստինյան մատուռում զբոսաշրջիկները կարող են անցկացնել 30 րոպե, այնուհետև այցելել Վատիկանի թանգարանները՝ ուղեկցողի հետ, ով իր ձեռքում ունի գաղտնի դռների բանալիների կապոցը:


Աղբյուր՝ Lenta.ru


Կանադան Տիեզերք բաց կթողնի աստերոիդներին հետևող առաջին աստղադիտակը

Կանադան Տիեզերք բաց կթողնի աստերոիդներին հետևող առաջին աստղադիտակը: NEOSSat-ը կանադական ոչ միայն առաջին դիտակն է, այլև միակը, որը նախատեսված է աստերոիդների հայտնաբերման և հետևելու համար: Իսկ երկրորդ խնդիրը կլինի բեկորների հայտնաբերումը:

NEOSSat-ը ստեղծվել է կանադացի ինժեներների կողմից՝ երկրի պաշտպանության նախարարության և տիեզերական գործակալության առաջարկությամբ:Կշռում է 65 կիլոգրամ, երկրից գտնվում է 800 կմ հեռավորության վրա:

Դիտակի ստեղծման համար ծախսվել է  25 միլիոն դոլար: Ապահովված չէ շարժիչային  համակարգով, անհրաժեշտ է միայն 80 Վատտ էներգիա:

Ուղեծիր կուղարկվեն նաև  կանադական առաջին ռազմական «Sapphire» արբանյակը և ևս 2 միկրոարբանյակներ: «Sapphire»-ի գործառույթը արբանյակների և բեկորների բախումների կանխումն է:


Աղբյուր՝ vesti.ru 

Երջանկության բաղադրատոմս գոյություն չունի.Գիտնականներ

Հոլլիվուդյան, առաջին հայացքից  իդեալական  ամուսնությունները, այնպիսին, ինչպիսին Էլիզաբեթ Թեյլորին ու Ռիչարդ Բարթոնինն է, Բրեդ Փիթինն   ու Ջենիֆեր Էնիսթոնինը, ի վերջո փլուզվել է:Գիտնականները սա բացատրել են նրանով, որ զույգերը շատ նման են եղել միմյանց:

Կոլումբիայի համալսարանի հետազոտողները պնդում են, որ մարդիկ միշտ չէ, որ հարմարավետ են զգում իրար հետ: Օրինակ  Էլիզաբեթ Թեյլորն ու Ռիչարդ Բարթոնը  էքսցենտրիկ և զգացմունքային են եղել: Ի վերջո տանել չեն կարողացել այդքան մեծ նմանությունն ու բաժանվել են:

Վերջին 3 տարիներին ԱՄՆ առողջապահության նախարարությունը իրականացրել է հոգեբանական հետազոտություն, որին մասնակցել են 700 կանայք և տղամարդիկ:
Նրանց տրվել են հարցեր՝ համատեղ կյանքի, մտերմության, ընդհանուր հետաքրքրությունների մասին: Պարզվել է, որ առավել երջանիկ են եղել այն զույգերը, որոնք այդքան մտերիմ չեն եղել:

Հոգեբանների կարծիքով  զգացմունքային մտերմության համար պետք է  փնտրել  «ոսկե միջինը»:

Պրոֆեսոր Դ.Ֆրոսթը, ով հանդիսանում է ուսումնասիրության կատարողներից մեկը, պնդում է. «Շատ զույգեր հասկանում են, որ զգացմունքանությունը կարևոր է մտերմության համար: Կարևոր չէ, թե որքան ժամանակ եք միմյանց հետ անցկացնում.շատ, թե քիչ, ունեք նույն հետաքրքրությունները, թե ոչ: Կարևորն այն է, որ ձեզ հարմար լինի: Եթե փորձեք ավելի մտերմանալ, կամ հակառակը՝ ամեն ինչ կարող է վատ ավարտ ունենալ»

Ուստի, գալիս ենք այն եզրակացության, որ գոյություն չունի երջանկության բաղադրատոմս: Յուրաքանչյուր զույգ ունի հարաբերությունների հարմարավետության գոտի: Մտերմության աստիճան, որը ձեռնտու է երկուսին:

Այս ամենը վերաբերում է ոչ միայն սիրահար զույգերին,  այլ երեխա-ծնող, գործընկեր, ընկեր հարաբերություններին: Ընդգծում են սոցիալական հոգեբանության տեղեկագրում զետեղված հոդվածում:



Աղբյուր՝vesti.ru 

2/22/2013

Եվրոպայի ամենահզոր ջրվեժի ձայնից հնարավոր է խլանալ

Գիտե՞ս որ Եվրոպայի ամենահզոր ջրվեժի ձայնից  հնարավոր է նույնիսկ, մի պահ խլանալ: Դետտիֆոսսը՝ Եվրոպայի ամենահզոր ջրվեժը, գտնվում է հյուսիսարևելյան Իսլանդիայում, Իյոկուլսաու-աու-Ֆյոդլոմ գետի վրա: Գտնվում է 1 կմ ներքև՝ Սերլֆոսս ջրվեժից, և 2 կմ վերև՝ Խավրագիլֆոսս ջրվեժից, Իյոկուլսաուրգլյուվուր ազգային այգու տարածքում: Ջրվեժից ոչ հեռու գտնվում է՝ Մյուվատն լիճը: Ջրվեժի բարձրությունը՝ 44 մ է (9 մետրով ցածր է Նիագարայի ջրվեժից), լայնությունը՝ 100 մ, ծախսը՝ 200-500 մ³/с:

Հայ իրականության մեջ առաջին կենսագրական բառարանը լույս է տեսել Վենետիկում


Գիտե՞ս որ հայ իրականության մեջ  առաջին կենսագրական բառարանը լույս է տեսել  Վենետիկում՝ 1839 թվականին: «Կենսագրական երևելի արանց», կամ կարճ  «Կենսագրութիւն երևելի արանց, զոր ծաղկաքաղ համառօտեաց յընդարձակ բառարանէն իւրմէ յերկուս հատորս»:
Մատթեոս Թեոփիլյանի  հրատարակած  բառարանում  ներկայացված են եղել հայ և օտար ականավոր մարդկանց, հատկապես եկեղեցական գործիչների կենսագրությունները:
Առաջին հատորը 964 էջ է, երկրորդը՝ 1071։ Նյութերը քաղված են եղել ֆրանսերեն և լատիներեն հանրագիտական բառարաններից։

Սքոչի ստեղծման պատմությունից


Գիտե՞ս որ սքոչը  (Scotch) ցելոֆանե հիմքով կպչուն ժապավենի տարատեսակ է, որի մի կողմը սոսնձի շերտ ունի: 1923 թվականին Minnesota Mining and Manufacturing (այժմ կոչվում է 3M) ընկերության լաբորատորիա է ընդունվում Ռիչարդ Դրյուն: Ընկերությունը զբաղվում է հղկաթղթի արտադրությամբ, փորձեր էր կատարում ցելոֆանով:
Ռիչարդ Դրյուին հանձնարարվում  է  ավտոարհեստանոցում  հետևել «Wetordry» հղկանյութի օգտագործմանը: Դրյուն նկատում է, որ ավտոմեքենան երկու կամ ավելի գույներով ներկելիս գունաբաժան գծերը ուղիղ չեն ստացվում, ուստի  ավտոարհեստանոց է բերում մեկ կողմը սոսնձով ցելոֆանե 5 սմ լայնությամբ կպչուն ժապավեն, որը ներկից խոնավանալով ճմրթվում էր: Վարպետը նկատում է,  որ դրա պատճառը ժապավենի մասամբ սոսնձված լինելն  է (սոսինձը ժապավենի երկու եզրերին էր քսված):
1930 թվականի սեպտեմբերի 8-ին առաջին փորձնական նմուշն  ուղարկում է  Չիկագո: 1932 թվականին Ջորջ Բորդենը «Scotch»-ի ժապավենին  կտրող դանակ է կցում: Չնայած իր անվանը (անգլերեն՝ Scotch շոտլանդական) «Scotch»-ը ոչ Շոտլանդիայում  է ստեղծվել, ոչ էլ շոտլանդացու կողմից: Սկզբում «Scotch»-ի միայն եզրերն էին սոսնձված, քանի որ շոտլանդացիները հայտնի են խնայողությամբ, ապա ամերիկացները «շոտլանդական» — «scotch» անվանեցին ժապավենը: Հետագայում «Scotch»-ը դարձավ ապրանքանիշի պաշտոնական անվանումը:

Օրացույցի տարօրինակությունները


Գիտե՞ս որ հոկտեմբեր ամիսը միշտ սկսվում է շաբաթվա նույն օրով, որով սկսվելէ հունվարը: Հուլիսը  սկսվում է նույն օրով, որով սկսվել է ապրիլը: Դեկտեմբերը սկսվում է նույն օրով, որով սկսվել է սեպտեմբերը:
Փետրվար, մարտ և նոյեմբեր ամիսները միշտ սկսվում են շաբաթվա միևնույն օրը և տարին ավարտվում է նույն օրով, որով սկսվել է: Բացառություն են կազմում նահանջ տարվա ամիսները:

Հայկական քարտեզ, որն ունի աշխարհագրական աստիճանացույց


Գիտե՞ս որ   հայատառ առաջին կիսագնդերի քարտեզը Համատարած Աշխարհացույցն  է, որը տեղեկություններ է պարունակում է թե՛ երկրի և թե՛ աստղային երկնքի մասին: 1695  թվականին տպագրվել է  Հոլանդիայի Ամստերդամ  քաղաքում՝ Թովմաս Վանանդեցու կողմից:
Կազմել և հայերեն գրությունները կատարել են Մաթևոս Հովհաննիսյանը, Թովմաս Եպիսկոպոսը (Թովմաս Վանանդեցի), Ղուկաս և Միքայել Նուրիջանյան եղբայրները: Քարտեզը պղնձի վրա փորագրել են Ադրիանուս և Պետեր Շխոենբեկ եղբայրները: Նրանք մինչև այդ փորագրել էին Եվրոպական լեզուներով հրատարակված կիսագնդերի քարտեզներ:
Աստիճանացանցի բաժանման ձևով այն տարբերվում է այժմյան կիսագնդերի քարտեզներից: Արևմտյան և Արևելյան կիսագնդերի հասկացություն գոյություն չունի, միջօրեականների բաժանումը սկսվում է 0°-ից, վերջանում՝ 360°-ով: 0°-ի միջօրեականն անցնում է Աֆրիկայի ամենաարևմտյան կետից:
«Համատարած Աշխարհացույց»-ը պատկերում է այդ ժամանակվա հայտնի աշխարհը: Երկրագնդի չուսումնասիրված մասերը՝ Հյուսիային Ամերիկայի հյուսիսարևմտյան հատվածը, Ասիայի հյուսիսարևելյան և Ավստրալիայի արևելյան մասերը, Նոր Զելանդիան, Գրենլանդիայի մի մասը պատկերված չեն:
«Համատարած Աշխարհացույց»-ի շրջանակից դուրս պատկերված են նաև այդ ժամանակ ընդունված դիցաբանական բազմաթիվ նկարներ:
Տիեզերագիտական տեսակետից «Համատարած Աշխարհացույց»-ը դեռևս գտնվում է նախակոպեռնիկոսյան շրջանի երկրակենտրոն սիստեմի վրա: Երկու կիսագնդերի միջև շրջանաձև ուղեծրերով ցույց է տրված մեր համակարգությունը՝ երկրակենտրոն սիստեմով: Արեգակը պատկերված է որպես չորրորդ մոլորակ: Նրա մեջ ընդգրկված են 57 համաստեղությունների նկարները՝  իրենց անվանման հետ միասին:

Ֆիլմ, որը տեսնելով Ադոլֆ Հիտլերը խոստացել էր գնդակահարել Չարլի Չապլինին


1889 թվականի ապրիլի 16-ին ծնվել է անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծող Սըր Չարլզ Սպենսեր «Չարլի» Չապլինը:

Գիտե՞ս որ Չարլի Չապլինի նշանավոր ֆիլմերից մեկը՝  «Մեծ բռնապետը» (The Great Dictator) նկարարհանվել է  1940 թվականին: Ֆիլմի կարգախոսն է՝  «Կատակերգություն՝ գլուխգործո՛ց»: Առաջին անգամ ցուցադրվել է 1940 թվականի հոկտեմբերի 25–ին, ԱՄՆ–ում: Ֆիլմը քաղաքական երգիծանք է Ադոլֆ Հիտլերի և ֆաշիզմի հանդեպ:
Ֆիլմը պարունակում է մի շարք հայտնի տեսարաններ: Դրանցից է ֆիլմի սկզբում Ադենոիդ Հինկելի ճառը: Սա ակնհայտ երգիծանք է Ադոլֆ Հիտլերի հանդեպ:
Ամենահայտնի տեսարանը այն է, երբ բռնապետ Հինկելը Ռիխարդ Վագների «Լոհենգրին» օպերայի հնչյունների ներքո պարում է գլոբուսի տեսք ունեցող փուչիկի հետ՝ երազելով տիրել ամբողջ աշխարհին:
Աչքի է ընկնում նաև Բենզինո Նապալոնիի հետ տեսարանը: Հետաքրքիր է այն դրվագը, երբ Ադենոիդ Հինկելը փորձում է ավելի բարձր աթոռին նստել, քան Նապալոնին: Այս տեսարանի միտքը ծագել է Չապլինի և Բելգիայի թագավորի հանդիպման ժամանակ: Թագավորը նստած էր ավելի բարձր ոտքեր ունեցող բազկաթոռին, քան Չապլինը:
Կինոքննադատների մոտ, առանձնակի տեղ է գրավում եզրափակիչ ելույթի տեսարանը: Քննադատները կարծում են, որ այստեղ Չապլինը ներառել է անձնական կարծիքները, և հենց դա դարձավ նրան ԱՄՆ-ից աքսորելու պատճառը:

Ազատագրական շարժում, որը տևեց ավելի քան 7 դար


Գիտե՞ս որ Ռեկոնկիստան (Reconquista-վերանվաճում) պիրենեյան քրիստոնյաների և մուսուլմանների կողմից Պիրենեյան թերակղզում գրավված տարածքների վերանվաճման երակարատև գործընթացն է: Ընդհանուր առմամբ Ռեկոնկիստան տևել է  շուրջ 7 դար:
Սկսվել է  արաբների կողմից 8-րդ դարում՝ թերակղզու մեծ մասը նվաճելուց անմիջապես հետո, սակայն ֆեոդալական մասնատվածությունը քրիստոնյաներին թույլ չի  տվել  միասանաբար կռվել մահմեդականների դեմ:
Խաչակրաց արշավանքների ժամանակ Ռեկոնկիստան սկսվել և  ընկալվել է  որպես պայքար հանուն ողջ քրիստոնյա աշխարհի:
Ավարտվել է 1492 թ-ին, երբ Իսպանիան վերանվաճել է մուսուլմանների վերջին հենակետը` Գրանադան:

Ինչո՞ւ են առողջ մարդիկ կաթվածահար լինում


Երբ խոսքը  ինսլուտ ստացած մարդու մասին է, միանգամից պատկերացնում ենք չշարժվող մարդու, ով նաև ծխում է: Ռիսկային գործոններից մեկը տարիքն է, սակայն, գործնականում ինսուլտը(կաթված)  գլխուղեղային արյան շրջանառության սուր խանգարումն է` գլխուղեղի հյուսվածքի վնասմամբ և ֆունկցիաների խանգարմամբ և կարող է տեղի ունենալ ցանկացած տարիքում:
Բժիշկների տվյալներով ինսուլտ առաջանում է նաև երեխաների մոտ: Ռիսկային այնպիսի գործոնները, ինչպիսիք են ծխելը, ծանր ֆիզիկական աշխատանքը, մեծացնում են կաթվածի հավանականությունը:
Բժիշկ Ուոլթոնը՝ Ինսուլտի ուսումնասիրության ասոցացիայից, նշում է, որ ինսուլտը միայն ծերերին բնորոշ հիվանդություն չէ: Կաթված կարող է լինել երիտասարդների ու երեխաների մոտ: «Մենք պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր ոք կարող է կաթվածահար լինել »,-ավելացնում է փորձագետը:
«Սակայն զավեշտալին այն  է, որ կարող են կաթվածահար լինել և՛ առողջ ապրելակերպ ունեցող մարդիկ և ոչ այդքան»,-եզրափակում է բժիշկը:

Աղբյուր՝ BBC

Վիքիպեդիա


Գիտե՞ս որ Վիքիպեդիան (Wikipedia)  ազատ հանրագիտարան է և ազատորեն հասանելի է համացանցում։ Հանրագիտարանի հոդվածները հասանելի են աշխարհի տարբեր լեզուներով։ Հիմնական առավելություններից մեկը տեղեկատվությունը մայրենի լեզվով ներկայացնելն է։
Ծավալով և թեմատիկայով Վիքիպեդիան հանդիսանում է մարդկության պատմությամն մեջ երբևէ ստեղծված ծավալուն հանրագիտարանը։
Վիքիպեդիայի նախահայր կարելի է համարել Nupedia-ն,որը հանրագիտարանի անգլերեն տարբերակն էր։ Հոդվածները գրել են ակադեմիական կրթություն ստացած անձինք։ Հիմնադիրներն են Լարրի Սենգերը և Ջիմի Ուելսը։
Հանրագիտարանի մասշտաբը ընդլայնելու համար 2001 թվականի հունվարի 15-ին Լարրի Սենգերը և Ջիմի Ուելսը ստեղծեցին Վիքիպեդիան։
Վիքիպեդիան իր անվանումը ստացել է օգտագործվող ”Wiki”  տեխնոլոգիայի անունից։ Հավայան լեզվով նշանակում է արագ։
2001 թվականի մայիսին ներկայացվել են լեզվական տարբերակները. ռուսերեն, գերմաներեն, շվեդերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, էսպերանտո, կատալոներեն, եբրայերեն, ճապոներեն, եւ մի քիչ ավելի ուշ, արաբերեն և հունգարերեն: Հիմա տարբերակները 260-ն են։

Պատերազմ, որը տևեց ընդամենը 38 րոպե


Գիտե՞ս որ  1896 թվականի օգոստոսի 27-ին Բրիտանիայի և Զանզիբարի սուլթանության միջև տեղի ունեցած պատերազմը տևել է 38 րոպե և համաձայն Գինեսի ռեկորդների գրքի համարվում է պատմության մեջ ամենակարճ պատերազմը։
19-րդ դարի վերջին Զանզիբարը Մեծ Բրիտանիայի վերահսկողության ներքո էր։ Պատերազմը սկսվում է Բրիտանիայի ղեկավարության հետ համագործակցող Զանզիբարի սուլթան Համադ իբն Տուվայնիի մահվանից հետո։ Նրա զարմիկ Հալիդ իբն Բարգաշը գերմանացիների օգնությամբ պետական հեղաշրջում է իրականացնում և գրավում գահը։ Բրիտանացիները Հալիդ իբն Բարգաշից պահանջում են  հրաժարվել գահից՝ հօգուտ իրենց աջակցող թեկնածու Համուդ բին Մուհամեդի։ Հալիդ իբն Բարգաշը հրաժարվում է  և կարճ ժամանակում 2800 հոգանոց զորք է հավաքում, պալատի նկուղներից հանում բրոնզե, 200 տարի չկրակած թնդանոթը։
Զանզիբարցիներն  իրենց միակ թնդանոթով զինված «Գլազգո» առագաստանավը դուրս են բերում  մարտի՝ բրիտանական հինգ նավերի դեմ։ Նշված ժամին բրիտանական զինուժը սկսում է  հրաձգությունը։ Հինգ րոպե անց «Գլազգոն» պատասխանում է և նույն րոպեին ջրասույզ արվում։
 Կես ժամվա գնդակոծությունից հետո ափամերձ կառույցները հիմնահատակ ավերվում են,   դադարում  է պատասխան կրակը, բայց, քանի որ դրոշակը  իջեցված չի լինում, բրիտանացիները  շարունակում են  գնդակոծությունը։ 15 րոպե անց դրոշակաձողը ջարդվում է և դրոշը այլևս չի  երևում։ Ադմիրալ Ռոուլինգսը դա համարում է  հանձնվելու նշան և հրամայում է դադարեցնել կրակոցները։

Անտարկտիդա


1820 թ. հունվարի 28-ին Ֆադեյ Բելինսհաուզենը և Միխայիլ Լազարևը ռուսական նավերով հայտնագործեցին Անտարկտիդա մայրցամաքը:
Անտարկտիդա (հունարեն՝ ἀνταρκτικός, բառացի «Արկտիկայի հակադրություն»), հարավային բևեռի շուրջն ընկած մայրցամաքն է, որի մակերեսը կազմում է շուրջ 14 մլն. կմ²։
Հարավային լայնության 60° զուգահեռականից հարավ ընկած ջրային տարածքը կղզիների և Անտարկտիդա մայրցամաքի հետ կոչվում է Անտարկտիկա աշխարհամաս։
Այն գտնվում է Հարավային կիսագնդի Անտարկտիկ շրջանում` հիմնականում Անտարկիկ շրջանակի հարավային մասում. շրջապատված է Հարավային օվկիանոսով: Տարածքը կազմում է է 14.0 քառակուսի կիլոմետր (5.4 միլիոն քառակուսի մղոն), ուստի այն համարվում է Երկրի մակերեսի հինգերորդ ամենամեծ մայրցամաքը Ասիայից, Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից և Հարավային Ամերիկայից հետո: Համեմատության համար նշենք, որ Անտարկտիդան Ավստրալիայից երկու անգամ մեծ է: Անտարկտիդայի տարածքի 98% ծածկված է սառցե շերտով, որի հաստությունը կազմում է առնվազն 1 մղոն (1.6 կիլոմետր):
Անտարկտիդան համարվում է ամենացուրտ, ամենաչոր մայրցամաքը` ամենաուժեղ քամիներով. համեմատաբար բարձրադիր է: Անտարկտիդան համարվում է անապատ, քանի որ առափնյա խորությունը տարեկան ավելանում է ընդամենը 200 միլիմետրով, որը տարածքի համեմատ նվազ է:
Այտեղ գոյատևում են միայն ցրտակայուն օրգանիզմներ, որոնց թվում են բազմաթիվ բույսերի և կենդանիների տեսակներ (պինգվիններ, ծովահորթեր և այլն), բակտերիաներ, սնկեր, բույսեր և պրոտիստաներ: Նմանատիպ բուսականությունը բնորոշ էտունդրային:Չնայած այն փաստին, որ դեռ հնուց մարդիկ բազմաթիվ առասպելներ և կարծիքներ են հայտնել Terra Australis (“Հարավային մայրցամաք” – ի) մասին , առաջին ընդունված վարկածը ապացուցվել է Ֆաբիան Գոտլիեբ վոն Բելինգշաուզենի և Միխաիլ Լազարեվի Վոստոկ և Միրնի ռուսական հետազոտության կողմից 1820 թվականին: Սակայն, 19-րդ դարի երկրորդ կեսին մայրցամաքը բոլորովին անտեսված էր անտանելի միջավայրի, միջոցների պակասի և տարածքի մեկուսացման պատճառով: 1959 թվականին 12 երկրների կողմից ստորագրվեց Անտարկտիայի դաշինքը: այսօր երկրների քանակը կազմում է 49: Դաշինքը արգելում է բոլոր տեսակի ռազմական գործողությունների և հանքագործության իրականացումը: Արգելված է նաև այն ամենը, ինչը վերաբերում է միջուկային ռումբերի պատրաստման և պայթեցման գործընթացներին` նպատակ ունենալով պահպանել մայրցամաքի օզոնային շերտը և քաջալերել միայն գիտական հետազոտությունները: Այսօր հոտազոտություններ են իրականացվում բազմաթիվ երկրներից ավելի քան 4,000 գիտնականների կողմից:

Թե ինչպես տղամարդիկ դադարեցին կրել բարձրակրունկ կոշիկներ


Բարձրակրունկ կոշիկները ոչ միշտ են եղել կանացի նորաձևության մասը:  Այդ կրունկներով դժվար է երկար քայլել,-հաստատում են մշակութաբանները:
«Բարձրակրունկ կոշիկները դարեր առաջ տարածված էին Մերձավոր Արևելքում և ծառայել են որպես «վարորդական» կոշիկներ»,-ասել է Ելիզաբեթ Սեմելհակը՝ Տորոնտոյի կոշկեղենի ընկերություններից մեկի աշխատակիցը:
XVI դարի վերջին Շահ Աբաս առաջինը դիվանագետների իր խումբն է ուղարկում Եվրոպա: Պարսկական նորաձևությունը տարածվում է ողջ Եվրոպայում: Բարձրակրունկ կոշիկները եվրոպացի արիստոկրատներին էկզոտիկ էին թվում, ինչպես նաև համարվում էին ազնվականության և տղամարդկության խորհրդանիշ, ուստի այդ հագուստները դառնում են բարձր սոցիալական կարգավիճակի արտահայտիչ: Նման հագուստներ կրող մարդիկ շրջել են ձիերով:
Ֆրանսիացի Լյուդովիկոս   XIV-ը առաջիններից էր, որ  նման հագուստի հավաքածու ուներ: 163 սմ հասակին ավելացրել է ևս 10-ը:
Թագավորական կոշիկները ունեցել են կարմիր գույն, որը քաջություն է խորհրդանշել, ինչպես նաև հարստություն:
 XVII դարի 30-ական թթ. կանայք սկսում են մազերը կարճ կտրել, ծխել, կրել տղամարդու գլխարկներ: Հենց այդ ժամանակվանից էլ սկսեցին  բարձրակրունկներ կրել:

Հայաքաղաք` քաղաք Ռումինիայում

Գիտե՞ս որ Ռումինական քաղաքներից մեկը՝ Գեռլան (ռում.՝ Gherla, հունգ. Szamosújvár կամ Örményváros, գերմ. Neuschloss կամ Armenierstadt), նախկինում կոչվել է ԱրմենոպոլիսՀայաքաղաք: Գտնվում է   Կլուժ ժուդեցում, երկրի հյուսիսային մասում: Քաղաքով հոսում է Սոմեշ գետը: Հայաքաղաքը հիմնադրված է եղել հայ գաղթականների կողմից 16-րդ դարի սկզբին:

Ի՞նչն է ավելացնում տարիքը


Տարիքն ավելանում է կնճիռների, մուգ մաշկի և «տատիկ» օծանելիքի շնորհիվ:
Ի վերջո, ի՞նչն է ավելացնում տարիքը:
1.Վաղ ալեհեր մազերը, որոնք կարող են առաջանալ առողջական խնդիրների հետևանքով:
2.«Թմրած»  պարանոցը: Պարանոցի մաշկը շատ բարակ է և առավել հակված է վաղաժամ ծերացման:
3.Չխնամված ձեռքերը: Կնոջ տարիքը միշտ ձեռքերն են մատնում: Միշտ պետք  է խնամել:
4.Տարիքին չհամապատասխանող հագուստը:
5.Վառ արտահայտված դիմահարդարումը: Նման դիմահարդարման դեպքում կունենաք չար, զայրացած կնոջ տեսք:
6.Օծանելիքը: Եթե օծանելիքի բույրը ձեզ դուր չի գալիս, ապա ավելի լավ է չօգտագործեք:
7.Կնճիռները: Ավելի լավ է կանխարգելել կնճիռների առաջացումը, քան ազատվել դրանցից: Օգտագործե՛ք արևապաշտպանիչ քսուք, խոնավ պահե՛ք:
8.Ուժեղ արևայրուք: Չափից շատ արևայրուքը նպաստում է մաշկի արագ ծերացմանը:
9.Հոգնած հայացք: Ձանձրացած, հոգնած աչքերը ավելացնում են տարիքը: Սիրե՛ք կյանքը, ուրախացե՛ք ամենափոքր հաջողություններով: Պահե՛ք ձեր մեջ երեխայի պարզությունը:
10.Չափավոր օգտագործեք սնունդը, մարզանքը, քսուքները, հակացելյուլիտային պրոցեդուրաները:

Թարգմանությունը՝ Անի Կարապետյանի
Աղբյուր՝ segodnya.ua

2/21/2013

Հակոբ Պարոնյան


Հակոբ  Պարոնյանը ծնվել է 1843 թվականի օգոստոսի 6-ին`  Ադրիանապոլսում, որտեղ թուրքական տիրապետության շրջանում հույները մեծ թիվ են կազմել, իսկ հայերը մեծ մասամբ բնակվել են հունական թաղամասում:
Կա կարծիք, որ Հ.Պարոնյանի պապերը գաղթել են Ակն քաղաքից: Հայրը` Հովհաննես աղան, եղել է միջին կարողության տեր սեղանավոր, իսկ մայրը` Բեմպե հանըմը, տեղի հարուստ մի գերդաստանից է եղել: Հակոբը ծնողների անդրանիկ զավակն էր: Ունեցել է երկու եղբայր, երկու քույր:
Ինչպես տեղեկացնում է  Հր. Ասատուրը, Հ. Պարոնյանը մինչև 1887թ. հաճախել է Էտիրնեի Հայոց վարժարանը, եղել է Պողոս վարժապետի աշակերտը, ում հետո պիտի կոչեին Ներսես Վարժապետյան: Լեզուներից լավ է եղել, թվաբանությունից` տկար:
Պարոնյանը «Ազգային ջոջերում» անդրադարձել է Վարժապետյանի կերպարին և, չնայած հայ հոգևորականության նկատմամբ ունեցած իր անողոք վերաբերմունքին, նրա մասին խոսում է աշակերտի երախտագիտությամբ:
Անդրադառնալով աշակերտական տարիներին` գրում է.
«Մեծ փառք ու պատիվ է ինձի Նորին Սրբազանության պես դասատու մը ունեցած ըլլալս, սակայն, չեմ կարծեր, թե Սրբազան պատրիարքն ալ իրեն պարծանք համարի ինձի պես աշակերտ մը ունեցած ըլլալը»: Ապա ավելացնում է, որ վարժարանների ուսուցիչների գիտելիքները գերազանցապես խարսխված էին աստվածաշնչյան ավանդույթների վրա, և իրենց խնամքին հանձնված աշակերտների գլուխը նրանք լցնում էին կրոնական հավատալիքներով, սրբերի հետ կապված ավանդույթներով, Քրիստոսի աշակերտների`
«առաքյալների» գործերով: Եվ արտահայտում է իր զարմանքը այն վարժարանների նկատմամբ, որոնցում աշակերտն իր գործերից գլուխ չհանած` առաքյալների գործերի մասին է տեղեկություն ստանում:
Իսկ ինչ վերաբերում է  Պարոնյանի` թվաբանությունից տկար լինելուն, ներկայացնենք հետաքրքիր պատմություն, որ գրել է նրա կենսագիր Հ. Ասատուրն` իր «Դիմաստուերներ» գրքում. Գրքում խոսում է այն մասին, որ օրերից մեկ օր ուսուցիչը Պարոնյանին հանձնարարում է լուծել հանրահաշվական խնդիր, ինչը չի հաջողվում կատարել: Պարոնյանը նեղանում է, բարկանում և օգուտ քաղելով ուսուցչի զբաղված լինելուց գրատախտակին գրում է.
«Հրաժարիմք ի դիւանաբանութենէ և յամենայն չար կոտորակաց նորա» և գնում, նստում է իր տեղը:
Բնականաբար, նրա արարքը հանգեցնում է աշակերտների ծիծաղին ու ուսուցչի զայրույթին, ով տեսնելով գրվածը` ֆալախանով պատժում է Պարոնյանին։
Հետագայում հենց այս նույն պատանին , ով դժգոհել ու չի սիրել թվաբանությունը, դպրոցում դասվանդել է այդ առարկան, և նրա աշակերտ Հ. Աճառյանն իր հուշերում գրում է, որ Պարոնյանին չեն ճանաչել և համարել են սովորական մարդ կամ ուսուցիչ: Վկայում է, որ եղել է բարձրահասակ, երկարավիզ, հելլենական քթով մի մարդ, լուրջ ու ուղղամիտ, բացի հաշվապահական գիտելիքներից ուրիշ ոչ մի նյութի մասին չի խոսել: Եղել է բարի, ոչ մի աշակերտի ցածր չի գնահատել: Իսկ, եթե աշակերտը բոլորովին տգետ է եղել, դասից ոչինչ չի իմանացել, իբր թե բարկացած, «առ քեզի վեց մը» (երեք) ասելով` տեղն է ուղարկել: Թվանշանը գրելիս գրիչը ոչ թե վերևից ներքև է իջեցրել, այլ` բարձրացրել է ներքևից վերև:
Պարոնյանը դպրոցն ավարտում է տասնչորս տարեկանում (1857թ.): Ադրիանապոլսում դրանից բարձր հայկական դպրոց գոյություն չի ունեցել, և անհրաժեշտ էր կամ Կ. Պոլիս մեկնել, կամ որևէ արհեստով զբաղվել: Եվ, ապագա երգիծաբանը նախընտրել է սովորել հունական դպրոցում ու այդ մասին հետագայում գրել է իր «Ազգային ջոջերում»` Ներսես Վարժապետյանի դիմանկարը ներկայացնելիս.
«Ապերախտութիւն ըրած կ’ըլլամ, եթե հոս չյայտնեմ, որ վարժարանին մէջ շրջանաւարտ ըլլալէս ետքը նորին սրբազանութիւն(Ներսես Վարժապետյան) անձամբ տարավ զիս քաղաքին Յունաց Մայր վարժարանը, ուր յոյն լեզուին դժուարութիւնը միայն սորվելով տարի է մը դուրս ելայ անկից»:[6]
Ապա ինքնուրույն հունարեն է սովորել, այն աստիճան, որ բնագրից հայերեն է
թարգմանել հելլեն բարոյախոս Լուվիանոսի «Մեռելական տրամախոսութ-յունը», որը հրատարակվել է 1884 թվականին «Խիկարում»:
Ժամանակակիցների հավաստմամբ նա եղել է թափթփված, բնավ չի խնամել իր հագուստը:
Անգամ սաստիկ նեղության դեպքում չի դիմել բարեկամներին ու դրամ ուզել, բայց ինքը միշտ օգնել է նրանց: Նրա գլխավոր մտածության առարկան եղել են զավակներն ու իր հիվանդությունը: Սովորաբար սրախոս չի եղել, բայց, երբ խմել է, զվարճախոս է դարձել և, օրինակ, մեկ օր ճաշի ժամանակ այնքան է ծիծաղեցրել ընկերներին, որ էլ չեն կարողացել ճաշել: Նեղացկոտ այս անձնավորությունը սիրել է միայնությունը, ծովի անսահման կապույտը, թեև չի ունեցել բանաստեծություն գրելու ձիրք:
Ունեցել է համակրելի դեմք, խոշոր, կապտամոխրագույն աչքեր, մազերն ու մորուքը` սևով ու ճերմակով խառը, նուրբ, կարմիր երակներ` դեմքին: Չափազանց բարի լինելու հետ միաժամանակ եղել է ոխակալ:
«Երբ ուներ լուծելիք վրեժ մը, չափ չէր դներ, չար կդառնար»,- գրում է Հր.Ասատուրը:
Առաջին թերթը, որտեղ Պարոնյանը ծավալել է իր խմբագրական գործունեությունը, Սիմոն Ֆէլէկյանի «Եփրատն» էր: Վերջինը եղել է «Եփրատի» արտոնատերը, և ում դիմանկարին «Ազգային ջոջերում» անդրադառնալիս երգիծաբանը գրում է.

«Սիմոնիկն արթննալուն պես` յուր քիթը քննեց և ասկից հասկցավ, որ ապագային մեջ բանաստեղծ մը պիտի ըլլա, որովհետև ներկա դարուս մեջ մեկու մը բանաստեղծ ըլլալն անոր քիթեն կը հասկացվի և ոչ գրություններեն: Շնորհակալ եղավ յուր քիթեն, որ զինքը բանաստեղծութեան կոչած էր»:
Իսկ եթե Պարոնյանն ապրեր մեր ժամանակներում, հաստատ կգրեր նույն նախադասությամբ, պարզապես անունները կլինեին միակ տարբերությունը. Էլ Լևոնիկ, էլ Արամիկ, էլ Սուրենչիկ…
1872թ. նոյեմբերի չորսին Պարոնյանը ստանձնում է «Մեղվի» խմբագրի պաշտոնը` մինչև 1874 թվականը: «Մեղվի» էջերում Պարոնյանը բարձրացրել է բուրժուական ընտանիքի պատկերը թաքցնող վարագույրները և ցույց տվել այդ ընտանիքների այլանդակությունները, բարոյական այլասերումը, մոլությունները: Ներկայացրել է եվրոպական գաղութակալների գործակալներին, ովքեր գործել են հօգուտ գաղութարար պետությունների շահերի:
Ապա խմբագրել է «Թատրոն», «Թիաթրո», «Թատրոն բարեկամ մանկանց», «Լույս», «Խիկար» պարբերականները։
Նյութը պատրաստեց Անի Կարապետյան

Հնդեվրոպական լեզուներ



Հնդեվրոպական լեզվաընտանիքը աշխարհում ամենատարածվածն է։ Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում(Մայրցամաքը երկրակեղևի խոշոր հատված է, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի (այսինքն ծովի մակարդակից) մակարդակից բարձր` ցամաքի տեսքով: Մայրցամաքների թիվը 6-ն է: Դրանք են. Եվրասիա, Աֆրիկա, Հս.Ամերիկա, Հվ. Ամերիկա, Անտարկտիդա, Ավստրալիա)։
Հնդեվրոպական լեզուների կրողների թիվը գերազանցում է 2,5 միլիարդը։ «Հնդեվրոպական լեզուների» տերմինը  առաջին անգամ ներկայացվել է Թովմաս Յունգի կողմից 1813 թ:
Գերմանական գրականության մեջ հաճախ օգտագործվում է «Հնդգերմանական լեզուներ» տերմինը։ Երբեմն ավելի վաղ հնդեվրոպական լեզուները կոչվում էին «Արիական», սակայն այժմ այդ տերմինը կոչվում է «Արիական լեզուներ», այդ թվում «Նուրիստանական ճյուղը» և «Հնդիրանական լեզուները». Հնդեվրոպական լեզվաընտանիք, ամենից ավելի լավ ուսումնասիրված ամենաբազմալեզու լեզվական ընտանիքներից մեկը, որ տարածված է Եվրոպայի մեծ մասում, ինչպես և Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանայի զգալի մասում: Հնդեվրոպական լեզուները բաժանվում են 12 ճյուղի. Հնդկական ճյուղ, Իրանական ճյուղ, Սլավոնական լեզուներ, Հայերեն, Կելտական լեզուներ, Ռոմանական լեզուներ, Գերմանական լեզուներ, Բալթիական լեզուներ, Ալբաներեն, Հունարեն։
Նշենք, որ վերջերս լուրեր էին տարածվել մամուլում այն մասին, որ հնդեվրոպական լեզուները սկիզբ են առել Թուրքիայից։ Նման վերտառությամբ  նյութ է տեղադրվել  bbc ռուսական կայքում, համաձայն որի` լեզվաբանների խումբը` Նոր Զելանդիայից, կարծում է, որ հնդեվրոպական լեզուները սկիզբ են առել Անատոլիայում` ժամանակակից Թուրքիայի տարածքում, 9000 տարի առաջ։
Տարաձայնությունները` կապված այս լեզուների հետ, շարունակվում են։ Գիտնականների հոդվածը տպագրվել է Science ամսագրում, որտեղ հանդես են եկել իրենց վերլուծություններով։
«Անատոլիական» վարկածը առաջ է քաշվել 1980-ականներին բրիտանացի գիտնական Քոլին Ռենֆրյուի կողմից, ինչը բազում վիճաբանությունների առիթ է հանդիսացել։

Բոսնիական պատերազմ


Բոսնիական պատերազմը տեղի է ունեցել 1992-1995թթ։ Այն մաս էր կազմում Հարավսլավական պատերազմների և սկիզբ է առել Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության փլուզման շրջանում, այն բանից հետո, երբ Բոսնիա և Հերցոգովինան 1992 թ. իրեն անկախ հռչակեց։
Հակամարտող երեք կողմերն էին Բոսնիա և Հերցեգովինայի երեք էթնիկ խմբերը. բոսնիակները, խորվիաթները և սերբերը։
1992 թ. փետրվարի 29-ին և մարտի 1-ին  բոսնիական կառավարությունը նշանակեց հանրաքվե՝ որոշելու համար Բոսնիա և Հերցեգովինայի անկախության հարցը։ Մեծամասնություն կազմող խորվաթները և բոսնիակները քվերարկեցին հօգուտ անկախության։ Իսկ բոսնիացի սերբերը բոյկոտեցին քվեարկությունը, դեմ լինելով անկախությանը և հանրաքվեն հակասահմանադրական համարելով։ Քանի որ ձայների մեծամասնությունը քվեարկել էր անկախության համար, 1992 թ.ապրիլի 7-ին  Բոսնիայի խորվաթ և բոսնիակ պատգամավորները հռչակեցին անկախություն։ Որպես պատասխան դրան ապրիլի 7-ին Բոսնիայի սերբերը հռչակեցին մի նոր հանրապետություն.Սերբական Հանրապետությունը և սկսեցին պահանջել Բոսնիա և Հերցեգովինայի այլ տարածքներ ևս, ուր սերբական փոքրամասնություն էր բնակվում։
Դեռևս մինչև հանրաքվեն երեք էթնիկ խմբերը սկսել էին կազմավորել սեփական փոքր բանակներ և միլիցիաներ։ Սերբերի բանակը օժանդակություն էր ստանում Հարավսլավական Ժողովրդական Բանակի (ՀԺԲ) կողմից։
Առաջին արյունալի բախումը տեղի էր ունեցել 1991թ.սեպտեմբերի 30-ին, երբ ՀԺԲ-ն ավերեց Բոսնիայի խորվաթաբնակ Ռավնո քաղաքը։ Հանրաքվեի անցկացման շրջանում դրությունը ավելի լարվեց։ Երկրի տարբեր վայրերում բռնկվեցին կռիվներ, հատկապես արևելյան Բոսնիայում՝ Դրինայի կիրճում, իսկ երկրի հյուսիս-արևմուտքում 1992 թ. ապրիլից կատարվեցին արյունահեղություններ և էթնիկ զտումներ։ Բիյելյինա, Վիսեգրադ, Ֆոչա, Բրատունակ, Սանսկի Մոստ, Պրիյեդոր, Կոզարակ և այլ բնակավայրերում Բոսնիացի բնակչությունը դարձաց թիրախ։

Էսպերանտո


Էսպերանտոն արհեստական կառուցված լեզու է, որը միջազգային օժանդակ լեզուներից ամենալայն տարածումն է գտել աշխարհում: Անունը սերում է «Դոկտոր Էսպերանտո» կեղծանունից, որի ներքո լեզվի ստեղծողը՝ ակնաբույժ Լ.Լ. Զամենհոֆը, հրապարակել էր Unua Libro գիրքը 1881թ.`
հիմք դնելով լեզվի տարածմանը։ Անվանումն ինքը նշանակում է «հույս ունեցող»։ Զամենհոֆի նպատակն էր ստեղծել պարզ և ճկուն լեզու իբրև համատարած երկրորդ լեզու, որը կնպաստեր խաղաղությանն ու միջազգային համերաշխությանը։
Չնայած նրան, որ լեզուն ոչ մի պետության կողմից մինչ օրս չի ընդունվել որպես պաշտոնական լեզու, էսպերանտո իմացողների հանրության մարդաքանակը գնահատվում է 100,000 և 2 միլիոն լեզվակիրների միջև։ Որոշ չափումներով, աշխարհում կան մոտ 1,000 բնածին լեզվակիրներ։Այսօր Էսպերանտոն կիրառվում է բազմաթիվ բնագավառներում, այդ թվում որպես ճանապարհորդական լեզու, մշակույթային շփման, հաղորդակցման, գրականության և այլ լեզուների ուսուցման համար դյուրին միջոց: Որոշ պետական կրթական համակարգեր առաջարկում են էսպերանտոյի դասեր, և կան փաստեր, որ էսպերանտոյի ուսուցանումը կարող է հանդիսանալ օգտակար նախապատրաստում ապագայում այլ լեզուներ սովորելու գործում։
Էսպերանտոն  տարածված է հատկապես Եվրոպայի հյուսիսային և արևելյան երկրներում,  Չինաստանում, Կորեայում, Ճապոնիայում և Իրանում, Բրազիլիայում, Արգենտինայում,  Մեքսիկայում, Տոգոյում, Մադագասկարում։
Կան 25,000-ից ավել էսպերանտո գրքեր՝ թե՛ բնագիր, թե՛ թարգմանված, ինչպես նաև 100-ից ավել պարբերական հանդեսներ։

Մանրանկարչություն


Մանրանկարչությունը ձեռագիր գրքի պատկերազարդումն է կամ ծաղկումը. կերպարվեստի ստեղծագործություն է, որն առանձնանում է փոքր չափերով ու գեղարվեստական նուրբ հնարքներով: 

Ներառում է գրչագիր մատյաններում արված գծանկարներն ու գունանկարները և գրքերի ձևավորումը՝ անվանաթերթեր, խորաններ, լուսանցազարդեր, պատմողական թեմատիկ տեսարաններ և այլն. պատկերազարդվել են գուաշով, տեմպերայով, ջրաներկով, ոսկով, հազվադեպ՝ նաև արծաթով:

Մանրանկարչության հնագույն օրինակները պահպանվել են Հին Եգիպտոսում՝ պապիրուսի գալարների վրա (մ. թ. ա. 1900 թ-ից): Հին հույները պապիրուսի վրա պատկերազարդել են ամբողջ տեքստը (հատկապես Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»): Մ. թ. ա. VI դարից, բացի պապիրուսից, օգտագործել են նաև կաշվե գրելանյութ՝ մագաղաթը, որն աստիճանաբար դուրս է մղել պապիրուսը. մեզ հասած հնագույն մագաղաթե մանրանկար ձեռագիրը Հոմերոսի «Իլիականն» է (մոտ 500 թ., Միլանի Ամբրոզիանա գրադարան):Մեզ հասած հայկական առաջին մանրանկարները VI–VII դարերի նմուշներ են («Էջմիածնի Ավետարան»), իսկ ամբողջությամբ պատկերազարդված հնագույն հայկական ձեռագրերը (Ավետարաններ) IX դարից են: Հայկական մանրանկարչությունն աչքի է ընկնում ոճերի և դպրոցների բազմազանությամբ:

Փոքր Հայքի մանրանկարչության դպրոց:XI դարում՝ Մեծ Հայքում, նույն դարի 2-րդ կեսից նաև Փոքր Հայքում ստեղծված ձեռագրերում [Անի-Արշարունիքի և Փոքր Հայքի ու Մալաթիայի (Մելիտենե)] շարունակվել է Մլքե թագուհու (պահպանվել են հելլենա-քրիստոնեական արվեստի առավել արժեքավոր առանձնահատկությունները) և Էջմիածնի Ավետարանների պատկերազարդման տիպը:

Անիի մանրանկարչության դպրոց: Ձևավորվել է XI–XIV դարերում՝ Անիի գրչատներում և մերձակա մշակութային օջախներում (Հոռոմոսի, Բագնայրի, Արջո Առիճի վանքերում): Ունեցել է աշխարհիկ ուղղվածություն. ձգտել է ավանդույթները հարստացնել կյանքի ու կենցաղի տարրերով:

XI դարի սկզբին Անիում են աշխատել Թադեոս գրիչը, Գրիգոր Մուրղանեցի գրիչը, Գևորգը և ուրիշներ: XII դարի վերջին Հոռոմոսի վանքում է ստեղծագործել մանրանկարիչ Հովհաննեսը, որից մեզ է հասել 3 Ավետարան. ամենաշքեղը «Մողնու Ավետարանն» է (XI դարի կես, Մատենադարան)՝ խորաններով, ընդարձակ տերունական նկարաշարով, յուրահատուկ հեռանկարչական համակարգով: Մանրանկարների գույները փայլատ են ու մեղմ, հարուստ՝ արևելաքրիստոնեական մոտիվներով:

Կիլիկիայի մանրանկարչության դպրոց: XII դարում Կիլիկիայի Հռոմկլա բերդաքաղաքը հռչակվել է ուրույն և բարձրարվեստ մանրանկարչության դպրոցով: Նրա վաղ շրջանի պատկերազարդ ձեռագրերը մեզ չեն հասել: 1113 թ-ին Դրազարկի վանքում պատկերազարդված ձեռագրում (Մատենադարան, ձեռագիր դ 6763) ակնհայտ է Մեծ Հայքի մանրանկարչության ավանդույթների ազդեցությունը, իսկ կիլիկյան գրքարվեստի հատկանիշներից՝ լուսանցքում սրտաձև արմավազարդը՝ հավասարաթև խաչով, հիմնական գույները կարմիրը, կապույտն ու կանաչն են:

XII դարի վերջի կիլիկյան մի քանի ընտիր ձեռագրեր կապված են Ներսես Լամբրոնացու և նրա հովանավորած Սկևռայի վանքի հետ. առանձնանում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի պատկերազարդ ձեռագիրը (1173 թ., Մատենադարան, ձեռագիր դ 1568), որի գրիչը Գրիգոր Մլիճեցին է, պատվիրատուն (ստացողը)՝ Ներսես Լամբրոնացին: Վերջինիս պատվերով մեզ հասած մյուս գլուխգործոցը «Սկևռայի Ավետարանն» է (1197 թ.), որտեղ լուսանցանկարները՝ տերունական թեմաների համառոտումով, զուտ կիլիկյան երևույթ են:

Բարձր Հայքի և Արցախի մանրանկարչության դպրոցներ: Սելջուկյանճնշումներից համեմատաբար ազատ բուն Հայաստանի արևմտյան մասերում (Բարձր Հայք, Խարբերդ և այլն) և Հայաստանից դուրս՝ հայաբնակ վայրերում (Եդեսիա, Երուսաղեմ և այլն) ստեղծված բարձրորակ ձեռագրերից է «Մշո Ճառընտիրը» (1200–02 թթ., գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս)՝ հայերեն ամենամեծ մագաղաթե մատյանը (55,5 սմ x 70,5 սմ, քաշը՝ 28 կգ):Բարձր Հայքի Երզնկա քաղաքում ստեղծված գլուխգործոց է 1269 թ-ին ընդօրինակված և մեզ հասած առաջին ամբողջական պատկերազարդ Աստվածաշունչը՝ «Երզնկայի Աստվածաշունչը» (գրիչներ՝ Մխիթար, Հակոբ և Մովսես), որի խորանների, անվանաթերթերի, սյուժետային պատկերների գծային նրբագեղությունը մոտ է կիլիկյան Աստվածաշունչ և այլ մատյանների: Տերունական նկարներով հատկապես առանձնանում է «Թարգմանչաց Ավետարանը» (1232 թ., գրիչ՝ Տիրացու, ծաղկող՝ Գրիգոր), որը գունային հակադրությունների դրամատիզմով կարող է համեմատվել X–XI դարերի Օթոնյան (գերմանական արքայատոհմ Հռոմեական սրբազան կայսրության մեջ) շրջանի գերմանական ձեռագրերի հետ:

Գլաձորի մանրանկարչության դպրոց: Գործել է Գլաձորի համալսարանին կից գրչատանը, XIII դարի վերջից մինչև XIV դարի կեսը: Այստեղ են ստեղծագործել 3 նշանավոր մանրանկարիչներ Մոմիկը, Թորոս Տարոնացին և Ավագը:

Տաթևի մանրանկարչության դպրոց: Գործել է Տաթևի համալսարանում (XIV դարի վերջից): Շարունակելով Գլաձորի դպրոցի ավանդույթները՝ դրանք հարստացրել է մոնումենտալ ոճի տարրերով (Գրիգոր Տաթևացու և նրա աշակերտի մանրանկարները՝ 1378 թ-ին ծաղկած Ավետարանում, որը գրվել է 1297 թ-ին, Մատենադարան, ձեռագիր դ 7482):

Վասպուրականի մանրանկարչության դպրոց: Առավել նշանավոր էր XII–XV դարերում: Այստեղ թարգմանվել և ընդօրինակվել է ավելի քան 2 հզ. ձեռագիր, մի մասը՝ նկարազարդ: Մեզ հասած թեմատիկ նկարներ ունեցող առաջին ամբողջական մատյանը «Մլքե թագուհու Ավետարանն» է (IX դար, Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռագիր դ 114/86), որն ընդօրինակվել է 862 թ-ին, Վասպուրականում: Մյուս մատյաններն ստեղծվել են X–XI դարերում (Ավետարաններ, Մատենադարան, ձեռագիր դդ 10434, 10517), որոնց նկարներն Արծրունյաց թագավորության քաղաքական կյանքի և մշակույթի վերելքի արտահայտությունն են:

XI դարի 30–40-ական թվականներից, սելջուկյան արշավանքների հետևանքով, մշակույթի առաջընթացն ընդհատվել է, և միայն XIII դարի 70-ական թվականներից է սկսվել ձեռագրերի ընդօրինակման ու պատկերազարդման նոր փուլը՝ Արճեշի, Արծկեի, Բերկրիի գրչության կենտրոններում: Հիմնականում պահպանվել են ազգային տեղական ավանդույթները (Սիմեոն Արճիշեցի, Խաչեր, Հովսիան, Մելքիսեդեկ, Վարդան Արծկեցի, Ստեփանոս), փոխվել է մանրանկարների կերպարային և ոճական ընդհանուր պատկերը:

Ղրիմի մանրանկարչության դպրոց: Նշանավոր կենտրոններն էին Սուրխաթը (այժմ՝ Ստարի Կրիմ) և Կաֆան (այժմ՝ Թեոդոսիա), որտեղ ստեղծագործել են Գրիգոր Սուքիասանցը, Առաքելը, անվանի գրիչ Նատերի որդիներ Ավետիսն ու Ստեփանոսը, վերջինիս որդի Հովհաննեսը: Ղրիմի դպրոցի լավագույն ձեռագրերից են Առաքելի պատկերազարդած Ճաշոցը (1356 թ., Մատենադարան, ձեռագիր դ 7408) և Հովհաննեսի պատկերազարդած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1401 թ., Մատենադարան, ձեռագիր դ 3863):

Նոր Ջուղայի մանրանկարչության դպրոց: Խոշոր ներկայացուցիչը Հակոբ Ջուղայեցին է. պահպանվել են նրա պատկերազարդած 8 ձեռագրերը, որոնցից 6-ն Ավետարան են: Նա, շարունակելով Վասպուրականի դպրոցի ավանդույթները, ստեղծել է նոր որակ:

XVII–XVIII դարերում, հայ գրքի տպագրական մշակույթի զարգացմանը զուգընթաց, մանրանկարչությունն աստիճանաբար իր տեղը զիջել է գրքի պատկերազարդման տպագրական արվեստին

Ծիծաղ պարգևող մարդը


Հայ երգիծաբանության ամենափայլուն դեմքը Պարոնյանից և Օտյանից հետո Լեռ Կամսարն է: Լեռ Կամսարը (իսկական անվամբ՝ Արամ Թովմաղյանը) ծնվել է 1888թվականի հոկտեմբերի 24-ին, Վան քաղաքում, հոգևորականի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի ամերիկյան վարժարանում: Հայրը՝ տեր Թովմասը, մտադրություն ունենալով որդուն էլ դարձնել հոգևորական, 1902թվականին ուղարկում է Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում ուսանելու:
1909 թվականին ավարտելով ճեմարանը՝ Արամ Թովմաղյանը/1921թ.փաստաթղթերը սխալմամբ լրացվում է Թովմասյան /վերադառնում է իր ծննդավայրը և աշխատում որպես ուսուցիչ՝ նշանավոր Երեմյան դպրոցում: Գրել սկսել է 1910 թվականից:
Դեռ մանկուց սիրելով Կամսար անունը՝ Արամ Թովմասյանը հրատարակում է իր առաջին շրջանի ֆելիետոնները՝ այդ անվան ներքո: Մեկ անգամ  Վան  քաղաքի երևելիներից մեկը, տեսնելով Կամսարին փողոցում, շնորհավորում է նրան հերթական երգիծական պատմվածքի համար և գովեստի խոսքը ուժգնացնելու համար, տմբտմբացնելով նրա կռնակին՝ ասում է. «Կամսար չէ, մե՛ծ Կամսար, լեռ Կամսար»: Այդ օրվանից էլ մկրտվում է նրա գրական անունը՝ Լեռ Կամսար:
Հետագայում հեղինակը գրում է.
«Ես, որ գրական ասպարեզ մտնելիս «Լեռ Կամսար»  անունն առի վրաս, երբեք մտքովս չանցավ, որ այդ անունն այսօր սաստիկ պետք պիտի գար ինձ, որ այսօրվա իմ կյանքը ես պարտական պիտի լինեմ այդ անվանը:
Որովհետև եթե այն ժամանակ ինձ  «Լեռ» չանվանեի ու ասենք  «հաստաբուն կաղնի» անվանեի անգամ, սա  40 տարվա իմ վրա փչող քամին արմատահան պիտի աներ ինձ և հողմավար տաներ, ինչքան էլ «հաստ»  բուն ունենայի:
Ես անպայման  «Լեռ» պիտի լինեի՝ դիմանալու համար այս ամեն տեսակ գլխիս ոռնացող քամիներին ու փոթորիկներին:
Եթե «Լեռ»  չլինեի՝ հիմա չկայի:
Փա՜ռք քեզ անուն, որ փրկեցիր ինձ կորստից…»:
Վրա է հասնում առաջին համաշխարհային պատերազմը:
1915 թվական…
Աշխարհի լուռ համաձայնությամբ մորթվում էր մի ողջ ժողովուրդ:
«Գաղթը» անձամբ չճաշակողի համար հասարակ անուն է և գրվում է փոքրատառ, իսկ անձամբ ճաշակողի համար դա հատուկ անուն է և աշխարհում միակը:
Գաղթելով Անդրկովկաս, սկսում է աշխատակցել կովկասահայ պարբերականներին և անմիջապես գրավում է ընթերցողների ուշադրությունը:
Լինելով հայրենասեր և չկարողանալով անտարբեր մնալ երկրի քաղաքական իրադարձություններին՝ Լեռ Կամսարը մարտնչում է և՛ իր սվին-գրիչով, և՛ զենքով՝ 1917 թվականին կամավոր  հավաքագրվելով Վանյան 4-րդ գնդում:
1918թվականի Սարիղամիշի ճակատամարտի կամավորների մեջ էր մեծ երգիծաբանը, սակայն Դրոն արգելում է նրան կռվին մասնակցել՝ ասելով. «Քեզ որ մի բան պատահի, բա մեզ ո՞վ  է ծաղրելու, գնա, ա՛յ մարդ, գնա՛, քո գործն ուրիշ է, դու քո գործով զբաղվի»:
Այդ տարիներին Լեռ Կամսարին խմբագիրների կողմից միշտ եղել են աշխատանքի հրավերներ: Այսպես մինչև 1920 թվականը, երբ Հայաստան մտան բոլշևիկ «ազատարարները»՝ մնացած հայությանը «փրկելու» համար:
«Բոլշևիկյան Հայաստանը մի կատարյալ սառցատուն էր, որտեղ հայության ուղեեղը սառեց իր գանգում՝ բնավ չմտածելու համար, արյունը սառեց բազուկներում՝ բնավ չաշխատելու համար»:
«Կարմիր բարերարներից» Լեռ Կամսարը փախչում և հաստատվում է Թավրիզում, որտեղ ներկայացնում է իր պիեսները և մեծ հաջողություններ ունենում, սակայն հայրենիքի կարոտը տանջում է երգիծաբանին:
«Ա՜խ Պարսկաստան…ազատ երկիր, ավանակը բոլ: Ծո՛, հիմար, ասա ինչո՞ւ վերադառնամ զնդան, վերցրու մի երկու ավանակ, դարձիր էշակչի, բեռներ մի տեղից մյուսը փոխադրիր ու որպես հասարակական գործիչ փառք վաստակիր, ի՞նչ գործ ունես սովետական երկրի հետ, ուր քեզ պիտի հեծնեն ու ընկնես անհաս կոմունիզմի ետևը»:
Այս եզրահանգմանը երգիծաբանը կգա դեռ հետո, մի քանի տարի անց: Իսկ հիմա նա աշխատանքի կանցնի «Խորհրդային Հայաստան» թերթում, կդառնա երգիծական բաժնի գլխավոր աշխատակիցը: Գրքեր կհրատարակի. 1924թ. լույս կտեսնի «Անվավեր մեռելները», 1926թ. «Ազգային այբբենարանը», 1934թ. «Վրիպած արցունքները»:
Մոտենում է անհատի պաշտամունքի տարիները: Գոյատևելու համար պետք էր հարմարվել, ստել, կեղծել, քծնել: 1931թ. խորհրդահայ գրողների համերաշխ նախաձեռնությամբ սկսվում է  Լեռ Կամսարի «զտումը»:
«Զտումը, սակայն նմանեցավ Հիսուսի դատավարությանը: Մեկը պոռաց՝ պետք է ոչնչացնել նրան, այսինքն ինձ, և գրավել նրա ունեցվածքը՝«Ի  վերա պատմուճանաս վիճակաս արկանեին»: Դեռ բերանս չբացած իմ «դաստիարակի» կոպիտ վերաբերմունքից ես հասկացա, որ դատավճիռս արդեն նախապես արված է, և ինձ կանչել են, որ համապատասխան «հանցանքները» գործեմ միայն: Այդ տմարդի, միջնադարին միայն հատուկ տեսարանի հանդեպ կծկվեցի, տնկեցի փշերս ցասումով, այնպես, ինչպես ոզնին է դիրքավորվում իժի հանդիման»:
Չնայած գրողը մեղադրվում էր ֆաշիզմի, հակահեղափոխական գործունեության և Ստալինի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, դատավորը կարողանում է 3 տարով ազատազրկել: Սկզբում երգիծաբանը Երևանի բանտում էր, ապա տեղափոխվում է Վորկուտա հեռավոր աքսորավայր: Երեք տարի անց վերադառնում է, բայց կառավարությունը կարծում է, որ նա բավականաչափ չի պատժվել, հիմա էլ աքսորում է Բասարգեչար, այս անգամ արդեն 17 տարով: «20 տարի քայլել եմ՝ երկու կողմս ունենալով երկու սվինավոր պահակներ: Սպեց-կոլեգիան առանց իմ համաձայնության վերցրեց ինձ ու դաշնակցության կուսակցության մեջ մուտք արավ  այն պատճառաբանությամբ, որ ես տասը տարի գրել եմ նրանց մամուլում և տեսակցել դաշնակցականների: Եթե ես 10 տարի դաշնակցության մամուլում գրելով և 3 դաշնակցականի տեսնելով դաշնակցական եմ, ապա որքան ավելի կոմունիստ եմ՝ 15 տարի բոլշևիկյան մամուլում գրելուց և 300-ից ավելի կոմունիստներին տեսակցելուս համար: Ինչևէ, ես անտրտունջ նվիրվեցի 20 ամյա տանջանքիս: Բանտապահս զվարճալի մարդ էր, ձանձրույթս փարատելու համար ուղարկեց ֆիզկուլտուրայի: Գետային նավեր էի բեռնաթափում և շատ գոհ էի վիճակիցս: Միայն մի անգամ «նարյադչիկս» ծանր բեռ դրեց կռնակիս և, ես ճոճուն սանդուղքից գետը գլորվեցի: Բայց ոչինչ, նա չէր մեղավոր, այլ ես, որ մի փոքր թուլակազմ էի…»:
«Իմ սենյակը այնտեղ այնքան փոքր էր, որ պառկելու ժամանակ պետք էր շորերը դուրս հանել և լողվորի նման ինքզինքը անկողին ձգել: Ձմռանը վիճակս սոսկալի էր: Քարացած հացս, որպեսզի կրծվեր՝ պառկում,  դնում էի ծոցս, որ մարմնիս տաքությամբ մի փոքր կակղացնեի: Ծանր արճիճի վերմակիս տակ տափակում  էի, բայց չէի տաքանում: Իմ ուտելիքն էր մի կիլո հաց, մի լիտր կաթ: Գրում էի միայն արևոտ օրերին, խոտի դեզերի տակ: Երևակայեցեք, այս բոլորից հետո չէի թքում սովետական կառավարության երեսին, որովհետև, ինչպես մի անգամ ասել եմ, տեղվանքը ցուրտ էր, և թուքս կարող էր սառած մնալ նրա երեսին…20 տարի հետո Սովետական կառավարությունը վերանայելով իր վճիռը, գտավ, որ արդար եմ և իզուր տեղը 20 տարի տառապել եմ: Մի փոքրիկ վրիպակ: Հետաքրքիրն այն է, որ սխալի համար կիսաբերան ներողություն անգամ չի խնդրում ինձանից, ինչը պահանջում է տարրական քաղաքավարությունը…»:

Նյութը պատրաստեց Անի Կարապետյանը

Անտոնիո Գաուդի


Անտոնիո Գաուդին  ծնվել է  1852 թվականի հունիսի 25-ին` Կատալոնիայում։ Ըստ աղբյուրների, նրա ծննդավայրը Ռիուդոմոսն է, որտեղ փոքրիկ տուն են ունեցել։ Նա ծնողների 5-րդ զավակն է եղել։ Եղբայրներից 2-ը մահացել են վաղ տարիքում, երրորդ եղբայրը մահանում է 1876 թվականին։ Նույն թվականին մահանում է նաև մայրը։ 1879 թվականին Գուդին կորցնում է նաև քրոջը, որի փոքրիկ աղջնակը մնում է նրա խնամքին։
Հոր և փոքրիկի հետ Գաուդին մեկնում է Բարսելոնա, որտեղ, 1907թվականին, մահանում է հայրը, որոշ ժամանակ անց` փոքրիկ, թույլ առողջություն ունեցող աղջնակը։
Գաուդին երբեք ամուսնացած չի եղել, ավելին, կնատյաց է եղել։ Նա մանկուց տառապել է ռևմատիզմով, սիրել է մենակ զբոսնել։ Բնությունն էլ կարծես դառնում է ապագա ճարտարապետի ոգեշնչման աղբյուրը։
Բարսելոնայում 5 տարի նախապատրաստական դասընթացների մասնակցելով` ընդունվում է ճարտարապետական դպրոց, որն ավարտում է 1878 թվականին։
1870-1882թթ Գաուդին աշխատելով հայտնի ճարտարապետների մոտ` սովորել է      բազում մանր գործեր կատարել.լույս, ցանկապատ և այլն։ Նախագծել է նաև իր տան կահույքը։
Եվրոպայում այդ ժամանակ նոր ոճ էր ի հայտ գալիս և Գաուդին հետևողականորեն ուշադրություն է դարձրել ֆրանսիացի ճարտարապետ և գրող Վիոլլե Դե Դյուկի,և անգլիացի քննադատ, արվեստաբան Ռեյսկինի գործերին։
Ինչպես բոլորի, այնպես էլ Գաուդիի դեպքում, լինում է ճակատագրական հանդիպում, ինչն էլ փոխում է ամեն ինչ։ Նա հանդիպում է Գուելին, ով կարող էր խենթություններ պատվիրել, իսկ Գաուդիին, ինչպես ամեն մի արվեստագետի, անհրաժեշտ էր ազատություն, որը կար։
Գաուդին բազում աշխատանքներ է կատարում Գուելի ընտանիքի համար։ Կառուցելով «Գուելի դղյակ»-ը` նա դադարում է հասարակ ճարտարապետ լինելուց և դառնում է Բարսելոնայի ամենաոճային, պահանջված  ճարտարապետը։
1926թ. հունիսի 7-ին 73-ամյա Գաուդին դուրս է գալիս տնից, որպեսզի ուղևորվի եկեղեցի, տրամվայը հարվածում է նրան և արդյունքում, Գաուդին անգիտակից հայտնվում է փողոցում։ Անցորդները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխել առանց փաստաթղթերի, անհայտ ծերուկին։
Վերջապես նրան տեղափոխում են հիվանդանոց, որը նախատեսված էր աղքատների համար։ Սակայն նրան այլևս ոչինչ չէր կարող օգնել։ Գաուդին մահանում է 1926 թ. հունիսի 10-ին։

Կլոդ Մոնե


Կլոդ Օսկար Մոնեն ծնվել է 1840թ. նոյեմբերի 14-ին` Փարիզում։ Երբ 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Նորմանդիա։ Հայրն ուզում էր, որ Կլոդը նպարավաճառ դառնա ու շարունակի իր գործը, սակայն տղային դեռ փոքրուց գրավել է արվեստը։ Սկսում է նկարել և նկարները վաճառել հոր խանութում։
Մեկ օր էլ ծովափին Մոնեն հանդիպում է Էժեն Բուդենին` իմպրեսիոնիզմի ներկայացուցիչներից մեկին։ Վերջինը երիտասարդ նկարչին բացատրում է նկարելու տեխնիկան։
1860 թվականին Մոնեն զորակոչվում է բանակ, այն էլ` Ալժիր, որտեղ հիվանդանում է որովայնի տիֆով։ Մորաքրոջ օգնությամբ ազատվում է զինվորական ծառայությունից և վերադառնում է տուն` 1862 թվականին։
Ընդունվում է համալսարան` արվեստաբանության ֆակուլտետ, սակայն զարմանում է նկարչության հանդեպ վերաբերմունքից։ Ապա ընդունվում է  գեղարվեստի ստուդիա, որը ղեկավարում էր Շառլ Գլեյրը։ Ստուդիայում ծանոթանում է այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք էին Օգյուստ Ռենուարը, Ֆրեդերիկ Բազիլը։
Մոնեին հռչակ է բերում «Կամիլլա»  նկարը։ Կամիլլան  1870թ. հունիսի 28-ին ամուսնանում է Մոնեի հետ։ Ունենում են 2 զավակ` Ժանն ու Միշելը։
Նախքան ֆրանս-պրուսական պատերազմը` Մոնեն մեկնում է Անգլիա, որտեղ ծանոթանում է Ջոն Կոնսթեբլի և Ուիլյամ Թյորների հետ։
1872թ. վերադառնալով Փարիզ` Մոնեն հեղինակում է իր նշանավոր բնապատկերը. «Տպավորություն.Արևածագ»։
1879թ.  Կամիլլան մահանում է տուբերկուլյոզից։ Մոնեն նկարում է նրան` մահացած։
1892թ Մոնեն ամուսնանում է երկրորդ անգամ։ Կինը` Ալիսան օգնել է նրան երեխաների դաստիարակության, տնային հարցերում։ 1911թ մահանում է նաև երկրորդ կինը։ Մոնեն դիմանում է նաև որդու` Ժանի կորցնելու ցավին։ Տղան մահանում է 1914թ.-ին։
1920-ական թթ Մոնեն կատարակտով է հիվանդանում, 2 անգամ վիրահատության ենթարկվում։ Նկարիչը մահանում է 1926թ դեկտեմբերի 5-ին։